Քայլում եմ ու հայացքով եկեղեցի փնտրում. բնականաբար՝ ոչ մեկը գոյություն չունի, թուրքերը բոլորը քանդել-ավերել են:
Ավերել կամ բռնազավթել են նաև դրանց կից դպրոցները, որոնք լավագույնն էին որպես շինություն:
Զուր չէ, որ աշակերտներից մեկը այսպիսի պարզունակ տողեր գրեց.
Ա՜հ, խըլեցին մեզ, դպրոց ջան,
Ծոցէդ ձեռքեր դաւաճան,
ՈՒ մեր միտքը մնաց սևցանք,
Կարօտովդ մաշեցանք:
Ես նայում եմ ուսուցիչների, աշակերտների, մանկապարտեզների երեխաների քարացած, լուռ, բայց խոսուն դեմքերին: Բազմադարյա գենը հպվում է նյարդերիս, և ունկերիս մեջ լսում եմ նրանց ձայները: Նրանք պատմում են, որ իրենցից և ոչ ոք բնական մահով չի մահացել: Ոմանք գնդակահարվել են, ոմանք՝ տապարահարվել, Տեր-Զորի ճանապարհին քաղցից ու ծարավից անշնչացել, աղջիկները ՝ բռնաբարվել կամ առևանգվել, մանուկները՝ նետվել կամուրջներից կամ մահմեդականացվել: Ձայնե՜ր, փակշուրթ ձայնե՜ր, գոցբերան հառաչանքնե՜ր, որոնք միայն մեկ բան են խնդրում՝ չմոռանալ իրենց…
Եկեղեցուց ու կրթությունից զատ, կար ևս մի գործոն, որը ինքնապաշտպանական բնույթ ուներ. դա առևտրային, արտադրատնտեսական գործունեությունն էր, և այդ ասպարեզում ադաբազարցի հայը գերիշխող դիրք էր գրավում:
Քաղաքի կենտրոնում գտնվում էր լայնատարած շուկան: Հնում այն փայտաշեն էր եղել, բայց XIX դ. վերջին հրո ճարակ էր դարձել, և հայերը կառուցել էին նորը` քարից: Շուկան շրջապատված էր թուրքական թաղամասերով, սակայն հյուսիսային ծայրից մինչև հյուսիս-արևելք աղեղնաձև փռված էին հայկական թաղամասերը։ Շուկան շարունակվում էր Ղարղըճի տակ կոչվող փողոցով, որի աջ ու ձախ կողմերում տեղավորված էին բուն շուկայում մահմեդականների կողմից արգելված խանութները` ձկան, խոզի մսի, ծխախոտի, պտղի ու պարենի վաճառանոցները, ինչպես նաև գինետունը: Այս փողոցի 100-120 խանութներից միայն մի քանիսն էին պատկանում հույներին, մնացյալը` հայերին, և գեթ մեկ թուրք խանութպան չկար։ Իսկ բուն շուկան մոտավորապես հետևյալ պատկերն ուներ. 80 %-ը` հայ, 10 %-ը` թուրք, 5 %-ը` հույն, 2 %-ը` հրեա ու 3 %-ը` այլազգիներ։ Անգամ շուկայի լեզուն էր հայերեն, և թուրքերից շատերը ստիպված հայերեն էին սովորել:
Ադաբազարը հատկապես աչքի էր ընկնում շերամաբուծությամբ ու ծխախոտի մշակությամբ: Առաջինը տարեկան 3 մլն, իսկ երկրորդը 1 մլն ղուրուշի գումար էր բերում ժողովրդին, որովհետև 1879 թ. մետաքսի ութ մանարանները, որոնց մեծ մասը հայերին էր պատկանում, աշխատանք էին տրամադրում հարյուրավոր կանանց ու աղջիկների։ Մինչև 1915 թ. Ադաբազարում մետաքսի մանարանները պատկանում էին հետևյալ անձանց և ընկերություններին. Պետրոս Մուրադյան, Պողոս Մուրադյան, «Անդրանիկ Չարխճյան եղբայրներ» ընկերություն, «Արթաքի Մետարյան-Արաբզադ» Սայիդ ընկ.», «Հակոբ Տալլերյան-Համիդ բեյ ընկ.», «Սուրեն Գույումճյան եղբայրներ» ընկերություն, «Մկրտիչ Ճրկայան ընկ.», «Շահինյան եղբայրներ», Անբարլյան, Կարապետ Թոփուզյան։ Այսինքն, 11 մանարաններից 9-ը հայապատկան էին, 2-ը՝ հայ-թուրքական:
Շերամաբուծությունը, բնականաբար, հանգեցրեց մանուֆակտուրայի արտադրության, որը նույնպես ամբողջությամբ հայերի ձեռքում էր: Նրանք էին Անդրանիկ Թարիկյանը, «Եղիայան-Ֆեսլյան ընկ.», Սարգիս Զաղճյանը, Անդրանիկ Նազարեթյանը, Հակոբ Գարագալփակյանը, «Միսաք Կոճիկյան և որդիք» ընկերությունը, Կարապետ Գարագալփակյանը, «Մ. և Տ. Գամճյան եղբայրներ» ընկերությունը, Հովհաննես Փանչուկյանը, Մաղաք Մաղաքյանը, Գեսաբեկյան եղբայրները և այլք:
Ադաբազարը հիմնականում արտադրում էր ցորեն, քաթան, ծխախոտ, մետաքս, ատաղձ, սոխ, սխտոր, գետնախնձոր ու պտուղներ, անգամ… հավկիթ:
Գլխավոր արտահանող վաճառականներն ու ֆիրմաներն էին «Հակոբ Տալլերյան և ընկ.», Թագվոր Աշճյանը, «Արթաքի Միտարյան և ընկ.», «Ա. Ալիքսանյան եղբարք», Սրապյան եղբայրները, Մուստաֆա Դիարբեքիրլին, Յանկո Ակալիդիսը: Սրանցից բացի, կային մի շարք երկրորդական վաճառականներ, որոնք վերոհիշյալների վարկավորմամբ կամ նրանց համար էին աշխատում: Օրինակ, քաթանը փոքրաքանակ գնող 6-7 առևտրականները Իզմիտում այն 2,5-3,5 ղուրուշով վաճառում էին մեծաքանակ վաճառականներին, որոնք էլ իրենց հերթին արտահանում էին Եվրոպա, մասնավորապես` Մարսել, Լոնդոն ու Համբուրգ։
Հավելենք նաև, որ Ադաբազարում միայն Օսմանյան կայսերական բանկն ուներ մասնաճյուղ, այնինչ մյուս բոլոր վարկատուները հայեր էին։ Հայապատկան հաստատություններ էին նաև տեղական այն երկու բանկերը, որոնք հիմնվել էին 1908-ի սահմանադրությունից հետո` երկու բաժնետիրական ընկերությունների կողմից։
ՈՒշագրավ է նաև արհեստների բնագավառում հայերի գերակա դիրքը: Եթե մսագործները, հացթուխները, ոսկերիչները, կահագործները, հյուսները, որմնադիրները բացառապես հայեր էին, իսկ հույները՝ աղյուսագործներ ու բրուտներ, ապա թուրքերը զբաղվում էին սարաջությամբ՝ գրաստների կաշվե պարագաների պատրաստմամբ ու լեբլեբիջությամբ:
Քաղաքի հայոց տնտեսական բարվոք վիճակը, հատկապես 1908 թ. Օսմանյան սահմանադրության ընդունումից հետո, հանգեցրեց ազգային աներևակայելի առաջընթացի: Ձևավորվեցին ավելի քան 50 կրթական, մշակութային, տնտեսական, մարզական, բարեսիրական ընկերություններ, թատերախմբեր, երգչախումբ: Հյուրախաղերով քանիցս Ադաբազար ժամանեցին Աբելյանի, Արմենյանի ու Զարիֆյանի թատերախմբերը և ներկայացումներ տվեցին Հալիմ էֆենդու շերամանոցի շենքում: 1910-ից լույս էր տեսնում «Երկիր» թերթը, 1912-ից «Բիւթանիա» շաբաթաթերթը`«Ատրուշան» տպարանում։
Ահա այսպես, Աստուծո հովանու ներքո ընթանում էր աշխատասեր, կրթասեր, հյուրասեր ադաբազարցի հայի Կյանքը, երբ վրա հասավ 1915-ը…
Դեռևս պատերազմի նախօրյակին Թալեաթը Ադաբազար էր ուղարկել Հելիմ բեյ անվամբ մի գազանի: 1915-ի հունիսի կեսերին սա 300 երևելի հայերին` երեք կուսակցությունների անդամների, մտավորականների, ձեռնարկատերերի, վաճառականների և արհեստավորների, հավաքեց-լցրեց Ս. Կարապետ ու Ս. Հրեշտակապետ եկեղեցիները և ահավոր ծեծուջարդի ենթարկելով` պահանջեց հանձնել հայության մոտ գտնվող զենքը: Զենքերը հավաքելուց 4-5 օր անց պաշտոնապես հայտարարվեց, որ քաղաքի բոլոր հայերը ժամանակավորապես տեղափոխվելու են մոտակա գյուղերը և հետո նորից վերադառնալու են: Մեկնելու համար տրված էր միայն երկու օր ժամանակ: Քաղաքի 4000 տուն հայությունը մի օրվա մեջ տներից դուրս թափվեց, ովքեր ձիու, եզան կառքեր ունեին, ամենաանհրաժեշտ իրերն արդեն բարձած, ճանապարհ էին ընկել Էսքիշեհիրի ուղղությամբ, իսկ մնացյալներն իրենց իրերը տեղափոխում էին կայարան՝ երկաթուղով գնալու համար: Ոմանք թանկարժեք զարդերն ու ոսկեղենը թաղեցին հողի մեջ, մյուսներն ունեցվածքի զգալի մասը հանձնեցին թուրքերին այն հույսով, որ կվերադառնան ու հետ կստանան:
Այն, ինչ կատարվեց հետագայում, գրել եմ սկզբում, Ադաբազար «ժամանելիս», բայց լրացնեմ գրող ու հրապարակախոս Ենովք Արմենի խոսքով. «Քսան հազար հոգի հաշուուող հայ ազգաբնակչութիւնը ոտքի է: Մարդկային էակներու ծփուն ծով մը, որուն ալիքները բազմաձև գալարումներով կը թաւալին՝ ողբի հեծծիւններով, անէծքի մռնչիւններով, անզօր կատաղութեան յուսահատական մրմունջներով: Կիզիչ արևը ծաղր կը ցանէ տարաբախտ արկածեալներու գլխուն: Սև ճակատագիրին հեռանկարէն զարհուրած, անոնք հաշտուած են արդէն մահուան՝ դէպի ուր կը քշուին: Գիտակցութիւնը ունին վաղուան արիւնոտ արհաւիրքներուն, որոնց անզոհը մղձաւանջի պէս կը տանջէ միտքերը, բայց որոնցմէ ազատագրուելու յոյսի աղօտ նշոյլը անգամ չեն տեսներ: Անորոշ, անգիտակից, աննպատակ տատանումի կոհակներու է վերածուած բովանդակ ժողովուրդը, տուներէն փողոցները թափած, համազանգուած բռնագաղթի բեկորներու թշուառութիւնով, ոչխարի հոտի բաժան-բաժան խումբերու պէս՝ որոնք հովիւ չունին, մեծամասնաբար կին ու տղայ, անխնամ տարազներով զգեստաւոր, դեռ ճամբայ չելած աղքատ, քանի որ չեն գիտեր թէ ի՛նչ գոյք առնելու են և ի՛նչ թողելու են, ամէ՛ն ինչ լքելու դատապարտուած, կահ ու կարասի տուներէ դուրս հանուելով փողոցները փռուած՝ ծախուելու համար, մինչ գնորդ չկայ, անօթի, անսուաղ, չոր հաց կրծելով, քանի որ խոհանոց չկայ, և հարկադրուած երեք օրուան մէջ կայարանը գտնուելով կառախումբ մտնելու, կենդանիի երկյարկ վակոններու մէջ, նախիրի պէս խառնիխուռն, վրայ-վրայ, ընտանիքի անդամները իրարմէ խզուած, աճապարանքով, հևիհև, վազնիվազ կայարան հասնելու համար, վաղը բոպիկ քալելով այն ճամբաները, որոնք հալածական աքսորուածները դէպի անջրդի անապատները կ՛առաջնորդեն, որպէսզի հոն արևէ խանձած, ծարաւէ պապակած, անօթութենէ հիւծած, յոգնութենէ կմախացած, իյնան մահուան մանգաղէն հնձուելով, եթէ մինչև հոդ, ճամբան հրաշքով ազատած են՝ կողոպուտի, թալանի կեղեքումներէն, կոտորածի համաջարդերէն, եաթաղաններով խողխողուող ողջակէզներու արիւնի գետերէն:
Քաղաքին մէջ կը տիրէ «վերջին դատաստան»-ի ցնորեցուցիչ տեսարաններուն ամէնէն վայրագներուն մղձաւանջը»:
Այո, մարդիկ ու քաղաքները զարմանալիորեն հար ու նման են՝ ծնվում, ապրում ու մեռնում են:
Հայն իր արդար քրտինքով հիմնեց Տոնիկաշենը: Հետո թուրքն անունը դարձրեց Ադաբազար, բայց հիմնադիր հայը մնաց: Այդ քաղաքի 520 տարվա գոյությունից հետո թուրքը որոշեց… հային վերացնել ու քաղաքը պահել: Տեղահանեց, բնաջնջեց, բռնաքշեց, հայի ներկայության հետքն անգամ սրբեց:
Ադաբազարը մեռյալների քաղաք է: Հայը, մարդը կա, քաղաքը մեռած է:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ